«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իսկ պետությունն ի վիճակի չէ վճարելու կենսաթոշակները

Իսկ պետությունն ի վիճակի չէ վճարելու կենսաթոշակները
01.08.2008 | 00:00

ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՄԵԾԱՆՈՒՄ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԸ
Արդեն մի քանի տարի է՝ մշակվում է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագիր։ Մի կողմից պետք է ապահովվեն մինչև 2012 թ. կառավարության ստանձնած պարտավորությունները կենսաթոշակների բարձրացման ուղղությամբ, որպեսզի, նվազագույն կենսամակարդակի հետ համեմատած, ունենանք աղքատության շեմից առնվազն 1,5 անգամ բարձր կենսաթոշակ, մյուս կողմից, ստանձնելով այդպիսի պարտավորություն, պետք է ներդնենք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը։
Հիշեցնենք, որ իշխանության խոստումներից է մինչև 2012 թ. միջին կենսաթոշակը 40 հազար դրամի հասցնելը՝ ներկայիս 21 հազար 800 դրամի փոխարեն։ Սակայն 4 տարի անց գնաճը մեր երկրում որքա՞ն կկազմի, և այդ 40 հազար դրամով ի՞նչ կկարողանանք ձեռք բերել, անհայտ է։ Մի բան, սակայն, հստակ է՝ շատ մոտ ապագայում ներդրվելու է կուտակային կենսաթոշակային համակարգը։ Այս համակարգին անցնելու համար կան մի քանի ելակետային տվյալներ, որոնք շատ կարևոր են։ Առաջինը երկրի ժողովրդագրական պատկերն է և նրա հնարավոր զարգացումներն այդ բարեփոխման իրականացման ժամանակահատվածում։ Այս տեսանկյունից ասենք, որ պատկերը հուսադրող չէ։ 460 հազար աշխատողին այսօր բաժին է հասնում մոտ 530 հազար կենսաթոշակառու։ Եվ այս համատեքստում, թերևս, կենսաթոշակի ցածր լինելը նպաստում է, որ անցում կատարենք կուտակային համակարգին։ Ի դեպ, հենց այս համատեքստում չէր խանգարի ուժեղացնել պայքարը թաքնված զբաղվածության դեմ։ Հայաստանում կան ոլորտներ՝ սպասարկում, տաքսի ծառայություններ, շինարարություն, ուր բավականին շատ չգրանցված աշխատողներ կան, որոնց համար համապատասխան վճարումներ չեն կատարվում։
Կուտակային համակարգին անցնելու համար շատ կարևոր է, թե տվյալ երկրում ֆինանսական համակարգն ինչպե՞ս է պատրաստ, ինչպե՞ս կարձագանքեն դրան կապիտալի, արժեթղթերի, հիպոթեքային շուկաները։ Պետք է ընդունենք, որ, դժբախտաբար, ֆինանսական շուկան Հայաստանում դեռևս կայացման փուլում է, և խնդիր է ծագում նաև արժութային ռիսկերը կառավարելու, որովհետև նույն դոլար-դրամ, դրամ-եվրո հարաբերակցության տատանումների ֆոնին հարց է՝ մենք կարո՞ղ ենք գոնե այնպիսի շահույթ ունենալ, որ ծածկի ինֆլյացիան, արժութային ռիսկը։
Համաշխարհային բանկն ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին։ Ըստ այդ հետազոտության՝ ՀՀ բնակչությունը գնում է ծերացման, և եթե առկա տեմպերը շարունակվեն, ապա 2025 թ. մեր բնակչության շրջանում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվն անհամեմատ կմեծանա։ Իսկ դա պետության համար մեծ խնդիրներ կստեղծի՝ կապված կենսաթոշակների հետ։ Բացի այդ, նկատենք, որ բնակչության ծերացմանը զուգընթաց աճում է նաև կյանքի միջին տևողությունը։ Հայաստանում այսօր տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 70 տարի է, կանանցը՝ 75։ Երկարակեցությունը սոցիալական մեծ լարվածություն է ստեղծում։ Պետությունն ի վիճակի չէ վճարելու այդքան կենսաթոշակառուների թոշակը։ Այդ է պատճառը, որ աստիճանաբար մեծանում է կենսաթոշակի անցնելու տարիքը։ Ընդ որում, նույն խնդիրն առկա է նաև զարգացած շատ երկրներում։
Զարգացած երկրների կենսաթոշակների չափի հետ համեմատվել, իհարկե, չենք կարող, իսկ, ա՛յ, Ռուսաստանի հետ փորձենք։ Նշենք, որ 2008 թ. մայիսին Ռուսաստանի Դաշնությունում ամսական միջին կենսաթոշակը կազմել է 4044 ռուբլի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավել է 31 տոկոսով։ Օգոստոսի 1-ից ՌԴ-ում սպասվում է կենսաթոշակի հերթական բարձրացում (այս տարի՝ արդեն երրորդ անգամ)։ Օգոստոսից ռուսաստանցի թոշակառուները միջինը կստանան 4895 ռուբլի (մոտ 210 դոլար)։ ՌԴ կառավարությունը նախատեսում է մինչև 2011 թվականը միջին կենսաթոշակը բարձրացնել մինչև 7804 ռուբլի, ինչը նվազագույն սպառողական զամբյուղը կգերազանցի 1,6 անգամ։
Համեմատությունը, ինչպես տեսնում եք, մեր օգտին չէ։ Բայց հավատանք ՀՀ իշխանություններին, որ կենսաթոշակային համակարգի նախաձեռնած բարեփոխումների նպատակը Հայաստանի քաղաքացիների համար բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություն ապահովելն է՝ թոշակային տարիքից հետո։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9491

Մեկնաբանություններ